Կա հոգու աչք, սրտի աչք, մտքի և, վերջապես, մարմնի աչք, որը պարզապես տեսնում է աշխարհը իր բոլոր մանրամասներով հանդերձ, իր արտաքին բացատրմամբ, ըմբռնողականության վերացականությամբ, ուր առարկան, իրը, ամենայն բան երևութական են:
Ի՞նչ է աչքը, մարդկային աչքը, այն միակ լուսամուտ-պատուհան աչքը, ուսկից նայում են դարերն ու ժամանակները, «պատմում» աշխարհի անէջ բովանդակությունը: Մայր բնությունը այս ի՞նչ է արարել, որի բացատրությունը բազմազեղուն և բազմաձև է, բազմատարր, անբացատրելի իր էությամբ, որը հասկանալու համար պիտի «մարսես» իր մասին կուտակված հսկայական նյութը, որն էլ անցել է կենսաբանների, պատմաբանների, փիլիսոփաների, գեղագետների, աստվածաբանների և այլոց գրչի տակով, չհասնելով նրա էության վերջնական հիմունք-հասկացությանը: Իմ հայեցակետն է, իմ գրողական մտահոգությունը` գեթ կես կաթիլ, մի մազ մոտենալ-համենալ-հասկանալ նրա մարմնեղեն և հոգևոր երևակումները, ֆիզիկական ներկայությունն ընդհանրապես, որի համար պիտի «զինված» լինես այն ամենով, ինչով «հագեցած» է թվացյալ մեր անկատար միտքը, որն էլ անհունի և անեսի «չերևացող» պատկերը ունի: Աշխարհը քո առջև բացում է իր անդունդ-խորությունները։
Մարդկային աչք-ակնագունդը իր նկարչագեղությամբ հիշեցնում է տիեզերքի կառուցվածքը. կենտրոնում բիբ-ոսպնյակ-արեգակն է յուր կապույտ-թաղանթներով, գիշերը` հոնք-կոպերը, ցերեկը` բացվող թարթիչները, որոնցից ցայտում են լույսն ու շողերը, կյանքի կեցության աղբյուրը: Սա գեղագիտական մոտեցում է, ոչ թե կենսաբանական զննում:
Քրիստոնեական սուրբգրական հոգեբուխ արծարծուն-խմորումներում «հոգու ճրագ» աչքը հավատի և հույսի, սպասումի ու ցավի, կարոտի և սիրո զորավոր մենակետն է, ուր «ննջում» է աստվածային լույսը, որի բացված «փեղկերից» բխում է այն և ողողում զարմանահրաշ աշխարհը, իրերի և երևույթների պատկերները ներընկալում իր մեջ և բաշխում-տալիս մարմնի յուրաքանչյուր հատվածին, որպեսզի այն յուրացվի և «պատասխանը» ուղարկվի վեր` դեպի սիրտն ու գլուխը, որոնք էլ տնօրինում են այս ամենը` եկեղեցի-մարդու կառուցվածքը: «Աստված իր պատկերի հանգույն է կերտել մարդուն»,- հուշում է Սուրբ գիրքը:
Հոգու աչք, մարմնի աչք, որն էլ ավելի սրատես ու «սրամիտ» է, որի հասկացությունը Աստծո անճառ էության հետևանքն է, և մենք` «հողածեփ անցողիկներս», որքան էլ ուզենանք բացատրել ելնելով յուրաքանչյուրիս անձնական նկրտումներից, այն կլինի ոչ բավարար-լիարժեք. հանգուցալուծման չես հասնի, ավարտ չի ունենա, որոնց հասնելու համար մարդկային մի սերնդի կյանքը քիչ է: Մանկությունից` ծերություն, մարդկության կարճատև հասակն է:
Մարմնի աչքը գեղեցիկ-հմայիչ մի օրգան է, որի արտաքին «շինվածքն» անգամ վերին Արարողի ձեռքի կատարյալ շնորհն է, իսկ ներքինը` պարզ ու բարդ: Այս նկատի ունենալով է, որ Մեծ լոռեցին` Թումանյանը, ասել է` գեղարվեստը պիտի լինի աչքի պես պարզ և աչքի պես բարդ: Որքա՜ն ճիշտ ու տեղին է ասված այս միտքը, իր խիտ ու թանձր տարողունակությամբ հանդերձ, իր հեռագնա-խորիմաստ արտահայտությամբ, որն էլ «տուն» է տվել մեր մեջ:
Խոր հնադարից մինչև այսօր որքան է գրվել, վրձնվել, «քանդակվել», «երաժշտա-մեղեդիավորվել» է աչքը, մարդկային աչքը, մի կուց աչքը, մի «պուտ ջուր» աչքը (սպասելուց աչքս ջուր դառավ), որն էլ երկնքի և ծովերի անսահմանությունների համեմատական հանրագումարն է ամփոփում իր մեջ, ընձեռում հնարավորությունների մի ողջ համակարգ, որտեղ թափանցելը անհնարինության աստիճանի դժվարամատույց է ու «պարսպավոր», բայց տվյալ դեպքում` հաճելի, քանզի խոսքը «Լույս երանելիի» մասին է:
Մարմնի աչքը` միամիտ մանկան աչքը, «անկնճիռ» հայացքը` բացված աշխարհի վրա իր թափանցիկ թարմ-զուլալ ընկալմամբ, դիտելու-զգալու անմիջականությամբ` տեսնում է աշխարհը, իրերը, երևույթները, լեռներն ու ձորերը, ծովերը, ամեն-ամեն ինչ, բայց դե չի կարող բացատրել նրանց էությունը, սկզբնական էգոյի գաղտնիքն ու պատճառ-հետևանքը, որն էլ որոշ չափով հասկացվում է հետագայում, բայց էլի մնում են «մութ ու անլույս բացատներ» իր անեզերք տարածքներում: Միայն հոգու աչքն է ի վիճակի ճառագայթի պես թափանցելու այդ «խորշ-խոռոչները», արևտես հանելու իմացության փշրանք-նշույլքներ, որ հուսկ կամ գեթ մի կաթիլով «լուսավորվի» այն վիհը, որի մութ դատարկությունը սարսափեցնում է ամենքիս իր «սահմռկելի» անորոշությամբ:
Հոգու աչքն ի զորու է «ընդ եղեգան փող լույս ելաներ» առասպելաբանական հասկացությանը մասնավորի մարմին-բացատրություն տալ, օգտվելով իր հեռու-մոտավոր «սուզումներից», որն էլ ունի միայն ու միայն անառարկելիորեն աստվածային բնույթք-շնորհ-օժտվածություն: Հին կտակարանը և նորը, իմա՝ Աստվածաշունչը, բազմիցս-բազմաձև-բազմաթեմա արծարծել են այս հոգևոր նյութը, մերթ մոտեցել և մերթ էլ հեռացել բուն կոսմիկական էությունից: Հոգու և մարմնի վրա իշխում է Երկնավորի կամքը, հետևաբար նրանց աչք-պատուհանները ուղղված են միայն նրան, ով սկիզբ է տվել նրանց: Ժամանակներ են լինում, երբ մարմնի աչքը հիվանդանում է, հոգու աչքը թախծում` վշտի, հոգսի, կորստի պահերին, երկուսն էլ հավասարապես արտասվում են, ինչպես ծաղիկները, բույսերը, թևավորները, զեռունները, կենդանիները, բոլոր շնչավոր արարածները: Տեսե՞լ եք, թե ինչպես է ձին լաց լինում, կամ շունը արտասվում, մեղուն ու մրջյունը` հեծեծում, էլ ո՞ւր մնաց մարդ արարածը: Եվ իզուր չէ, որ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը գրում է. «Այն աչքերը, որ չեն լացել, բան չեն տեսել այս աշխարհում»: Որքա՜ն բանաստեղծական հրաշալի տողեր կան աչքերի մասին` խոր հնադարից մինչև այսօր, որոնք թվելը, ի մի բերելը հատորներ կկազմեն: Բայց, էլի աչքի` մարմնավոր աչքի էությունը մնում է մեզ համար անմատույց ու անհասկանալի, բնության ո՞ր օրենք-կանոնով հաստված ու ձևված, քաշված կաղապարի: Հիշենք Վերածննդի վրձնի վարպետների կանանց աչքերը, որոնք «վերծանելը» ո՛չ գրիչը կօգնի, ո՛չ մեղեդին և ո՛չ էլ մուրճը: Գեղեցկությունն անբռնելի է:
Ի դեպ, Հովհաննես Շիրազի մի աչքը (ծերութք օրերին) քող-մշուշով էր պատած։ Մտերիմ-մերձավորները խորհուրդ էին տալիս գնալ վիրահատման, սակայն նա դիմադրում-առարկում էր նրանց թե` «Աստծո ստեղծած լուսե կառույցին անցավոր մարդու «հողե-մեղավոր ձեռքն» իրավունք չունի դիպչելու, աղարտելու այն»: Որքանո՞վ էր ճիշտ մեծ բանաստեղծը, իմ խելքի բանը չէ, դժվար է բացատրել հանճարեղի աներկրային խորամուխ դիտվածքը, բայց այդ ամենում կար մի հավատավոր ճշմարտություն, որն էլ հուսահատության աստիճանի «մորմոքուն» էր և մանկան լացի պես անզոր. ֆաուստյան դիլեմա, համլետյան «լինել-չլինելու» խնդիր: Բանաստեղծը ի ծնե գիտեր բուն ցավի սկիզբն ու վերջը, բայց բիբլիական տեսիլքի մեջ էր, թումանյանավարի էր մտորում կյանքի անցողիկության վրա` «Էս էլ կանցնի հանց երազում, թասդ բեր»: Մարդու խորտակումը ահավոր է՝ հաճախ էր ասում նա:
Անցնում է մի դեռահաս-օրիորդիկ աղջնակ սև ու խոշոր կամ բիլ ու կապույտ աչքերով. ի՜նչ հմայք ու թովչանք, գեղեցկության բոլորախորհուրդ, որ կյանքը դարձնում են անվերջավոր, ապրված գաղափար, իսկ մահը ունայն «սիզիփյան» տանջարան, յոթ սարից անդին սպասող ու չպատճառաբանված անբավարար թեական վիճակ` անէություն...
Կենդանական աշխարհում «աչքի գոյությունը» պայմանավորված է նրանց կենսակերպով: Գազանների մեջ գուցե ամենասրատեսն է գայլը, իր «թափառող բոցեր» ակն-նայվածքով: Ժողովրդի վկայությամբ նա ամպ-մշուշ մթնակոխ գիշերով անգամ սև հերկի մեջ սև գառ է նկատում: Իսկ թևավորների մեջ՝ արծիվը, որն էլ երկնքի «յոթղաթ» կապույտից տեսնում է իր որսի շարժը և շառաչով իջնում-զարկում է նրան, տանում իր բույնը` ի կեր ձագերին: Սողունների մեջ շարունակ խոսվում է օձի մասին, որի չար ու նենգ աչքերից ասես անթաքույց մահն է նայում: Այն երբեմն համեմատել են մարդկային չար ու նենգ «խոցող» աչքերի հետ, որտեղ բույն են դրել խոռ ատելությունն ու քամահրանքը, քծնանքն ու ստորությունը, «անդարմանելի» նախանձը, իսկ ատամի տակ` թույնը: Գիշերային խավարում լուսափախուստ բուն ու չղջիկը շրջում են անարգել, նրանց ցերեկը մութն է. այս «խախտվածությունը» ինչպե՞ս բացատրել, կամ մկների մի տեսակ կա, որին կոչում են «քոռ մուկ», ցերեկվա լույսը սպանիչ է նրա համար, հողի տակ է նրա ապրելավայրը,- խավարասեր միջատները,- մի խոսքով սրանց կենսակերպի վրա իշխում է մայր բնության «ոսկե կանոնը», այն «հասկանալու» համար առնվազն Սողոմոն Իմաստուն պիտի լինես, կամ ունենաս վեցերորդ զգայարան, որն էլ «ներքին աչքի» նշանակությունն ունի: Բուն ու չղջիկը ասես եկել էին ստվերների աշխարհից, ինչն էլ հիշեցնում էր Դանթեի դժոխքի պարունակը:
Հոգու անմարմին աչքը, նրա չբռնվող իմաստը տարրալուծված է աստվածաբանական «ծածկույթներում», ուր իշխում է «Բանն երկնային», որի մասին և շուրջը մտորելիս իմ մեջ բուքի պես զարթնում են մտքեր, տպավորություններ, կարծիքներ, հազարումի զգացումներ, որոնք ինձ այնպես են տարտղնում, ինչպես փոթորկոտ ծովի բերանն ընկած անառագաստ-խարխուլ նավակը, որ խաղաղ ափեր է երազում, այն էլ` «իններորդ ալիքի» ժամանակ:
Ժողովուրդը որքա՜ն իմաստություններ է կուտակել` առած-ասացվածքի, ասելուկի, հեքիաթի ու առակի ժանրերում, բանահյուսական նյութերում, որոնց իմաստը վերաբերում է աչքին։ Դրանք բառուբանի շտեմարաններ են, դրանցից օգտվելը համեմունքի և համուհոտի նշանակությունն ունի, որոնք գրավոր թե բանավոր խոսքը զորեղացնում են, հոգու աչքը «կշտացնում» այնպես, ինչպես օգոստոսյան ծարավ-ճաքած հողը` տեղատարափ շափշափյուն ջրառատ անձրևով:
Մարդկային աչքը, որպես մարմնեղեն հունցվածքի լուսավոր աղբյուր, նրա նշանակությունը անգնահատելի է իր երևույթով: Տերը մարդուն արարելիս այն տեղադրել է մարդու ճակատին` զույգ կողմից և ուղղորդել աշխարհ (լույս փչելով նրանց մեջ), որպես հայեցող-դիտող ու ընկալող օրգան, որոնք դրսի «տեսնող ինֆորմացիան» ուղարկում են ուղեղին ու սրտին, ուր բնակվում են հոգու աչքերը: Ինչպես ասացինք՝ աչքն էլ է հիվանդանում ֆիզիկապես, տեսողությունը թուլանում է, «աչքի հատակը» պղտորվում և երանելի աստվածային լույսը աղոտանում: Աշխարհն ու իրերը պատվում են մեգ-մշուշով: Այդ պահերին թախծում է հոգու աչքը, և արտացոլանքը կնճիռներ են դառնում մարդու ճակատին և ծանր խոհեր, որոնք ակոսում են այդ «անգիր-անհնչյուն» հարթությունը: Աչքի հիվանդություններն առաջանում են արտաքին աշխարհի պատահական և ոչ պատահական միջամտությունների պատճառով, որոնց բուժումը դառնում է անհրաժեշտություն, բայց երբ հոգու աչքն է հիվանդանում, դա արդեն դառնում է անդառնալի կորուստ, ինչպես մահացած մարդու ապակիացած աչքը, որի մեջ հանգչում են կյանքի կենսական ցոլքերը: Մեռած աչքը ավերակ գերեզման է թվում, ուսկից մոռացության օշինդրներ ու եղինջներ են բուսնում:
Առաջին անգամ Արուսյակ մայրիկիցս (ով էլ բառ ու բանի շտեմարան էր) եմ լսել աչքին և նրա էությունը բնորոշ բազմաթիվ արտահայտություններ, որոնք ի սփյուռ «աճել» են իմ մարմնավոր հողում, ինչպես մայիսյան սնկերը հանդերում կամ մթան մեջ ցոլացող ու հանգչող ասուպները մենավորիկ: Մորս «խմբագրածներից» կուզեի մի քանի պատառիկ հիշել, որպես ապացույց ու հիմնավորում վերը բերված իմ «ինքնուս-անմշակ» մտքերի: «Աչքը հոգու հայելին է, սրտի վառվող մոմը», «Աչքդ վրաս պահիր, ինչպես երկնքի հայացքը», «Աչքով տվիր` քարով զարկիր», «Աչքը աչքին թևակից, զույգ աղջիկներ նույն մորից», «Աչքերս պաղեց, մարդ կգա», «Անաչք ծերը հանց գիշերը քարայրում», «Աչքերդ սև, հոգիդ` կապույտ», «Հոնքերը` ամպ, աչքերն անձրև», «Մի աչքում լաց, մյուսում` ծիծաղ», «Մի աչքս քուն, մեկը արթուն», «Աստծո աչքը անապատում կորած մարդն է» և այլն: Ո՞րը հիշես, ամեն մեկը մի աշխարհ, մի անընդգրկելիություն, կամ այս հայտնի իմաստուն խոսքը, որ մեզ հետ է գալիս մեր ծննդյան վաղ բարուրից՝ «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք», որոնք մեր լեզվի ոսկե շերտերն են, մեր մտքի համեմունքն ու խունկը, որն էլ արբեցուցիչ է: Այս մտքերից գրքային հոտ չի գալիս, այլ կյանքային են ու ցողոտ, անցել են պատմության «անգնացք» երթուղիներով:
Մարդկային աչքի մասին խոսելը, նրա բազմախորունկ էության մեկնելը ունեն խորհրդավորի և «անլցնելիության» միտումներ, որովհետև դա մի կաղնյա արմատավոր ծառ է կամ թե հազարաթերթ մի գիրք, որից մի տերև պոկելը, մի էջ փրցնելը դեռևս մեզ չի տալիս ամբողջականի պատկերացում-հասկացությունը, թեև մի կաթիլի մեջ էլ երևում է ծովի ծփուն «բովանդակությունը», իսկ աստղի մեջ` տիեզերքի երևութական կենդանությունը:
Գարնան և ամռան ծաղիկներն էլ աչքեր ունեն, որոնց մեջ գիշերվա ցողը արցունքներ է շարում: Նրանք էլ են զգում և ապրում վիշտն ու թախիծը, ծիծաղն ու խինդը: Այս անլեզու հասկացողությունը «թարգմանվում» է նրանց աչքերով, և մենք այն «կարդում-ընթերցում» ենք յուրովի, թափանցելով առէջքներից ներս, նրանց հոգևոր աշխարհները, ուր կան մեզ համար այնքան «անհասցե» անհայտություններ, որոնք դեռևս գոց ու փակ են մեր առաջ: Ծաղիկների դաշտը, որի միջով անցնում է մարդը, թվում է, թե նրանք ուզում են իրենց ցողոտ աչքերով զրուցել քեզ հետ, պատմել իրենց մասին: ՈՒ երբ դու հեռանում ես նրանց բնակավայրից, նրանք ասես թեքվում-երկարորեն նայում են քո հետևից, ափսոսանքով տարուբերում իրենց «լուսամփոփ» գլուխները: Այս տպավորությունը մանկուց է մնացել իմ մեջ, որպես հիշողության տեսիլք ու պատրանք, որպես չթառամող մրմունջ-անրջանք: Այս մասին կարմիր որդանով ու կապույտ լաջվարդով, դեղին նարնջով են «խոսել» ու «գրավորել» միջնադարյան մեր ծաղկող-գրիչները, իսկ թղթերի վրա` հետագայում քերթել Լորկան ու Մարկեսը, Ինտրան ու Մնձուրին, մելոսով` Կոմիտաս երաժիշտը...
Մեկ բան էլ հիշեմ, որքան ցավալի է, այնքան էլ զարմանալի, որն էլ վերաբերում է կույր մարդկանց, որոնք ի ծնե զրկված են լույսից: Բժիշկ-կենսաբանները, հոգեբույժ մասնագետները նշում են, որ նրանցում ծայրագույն-սարսափելիության աստիճանի զարգացած են շոշափելիքի և հոտոտելիքի զգայարանները, որոնցով` կոնկրետ մատներով ու ձեռքերով, «տեսնում ու զգում» են աշխարհը, առարկաներն ու իրերը` ի հաշիվ մյուսների, սրանք կատարելագործված են: Մարդը, ինչպես տիեզերքը, չափուկշռի մեջ է, ամեն ինչը հարմոնիկ է նրանում:
Կրիմինալ աշխարհում, բազմաթիվ հանցագործություններ բացահայտվում են աչքերի «շնորհիվ», որի ապացույցները կան հետախուզական և քննչական արխիվներում: Աչքերը ոչ միայն մատնում են տվյալ անձի հոգեվիճակը, այլև դառնում են այն միակ վկաները, որով բացահայտվում է տվյալ գործը: Սպանվածի աչքերի հայելում մնում է իրեն կյանքից զրկողի ֆիզիկական-լուսանկարային դեմքը, որն էլ անհնարին է ջնջելը, այդ պատճառով էլ նրանք աշխատում են այդ «հայելի վկաներից» վաղօրոք ազատվել, հետքեր չթողնել, այդպես թուրք-ենիչերիներն էին յաթաղանով փորում մանկանց և ծերերի աչքերը-ականատեսներն են գրում, որպես փաստ-ապացույցներ (հանված-պատուհան աչքեր): Գազանության «վառ» օրինակ` Եղեռնի պատկեր` միլիոնուկես մորթված մարդկային աչքեր, որոնց ակնախոռոչները մինչև այսօր մխում են, անխիղճ ու անգութ, զարհուրելի տարածքների վրա...
Այս մասին խոսելը, պատմելը, այս նյութին մոտենալ-հոտոտելը միտքդ քաշում-տանում են անվերջության եզերքները, ուր ծաղկում է Աստվածային բանը: Աչքը մարդուն, կենդանուն, թռչնին և այլոց ծառայում է որպես աշխարհընկալման նախապայման և իր մեջ է փնջում ոչ միայն արտաքին ինֆորմացիայի ազդակները, այլև ներքին «վառարաններում» եփում է այդ հում նյութը, ապա դուրս ցայտում` սրտի, հոգու, ուղեղի և ենթագիտակցության միջով: Որքան տեսողական և դիտողական «օբյեկտը» հմայիչ ու թովչալի լինի, այնքան ներսի «նստվածք-արձագանքը» առատ-գունեղ կլինի, հունձքը՝ արգասավոր: Աչքը խնդում է, սիրտը փառավորվում: Վան Գոգի մեջ են «թփակալել» տառապանքի ու ցավի աչքերը, հայացք-նայվածքների «աննինջ-անջնջելիությունները»:
Թեև հոգու աչքերը երբեմն արցունքոտ են, բայց նրանց մտավոր թռիչքը ավելի երկար է, տարածական լայնությամբ ու խորությամբ` իրերից և երևույթներից այն կողմ, ուր տեսիլներն ու երազներն են թափառում, որոնց բացատրությունը պահանջում է թե հոգևոր, թե աշխարհիկ գիտելիքներ: Կատարելության ձգտումը շարունակական է մարդու մեջ էն գլխից:
Ասում են՝ երբ մարդու աչքերից մեկը «զոհվում» է, զրկվում է Աստծո լույսից, մյուսն ավելի է ուժավորվում-զորեղանում ի հաշիվ «զարկվածի». այստեղ էլ բնության անմիջական-անբեկանելի-անթաքույց, մայրատու ներկայությունն է, որ փակ է մեր կարճատես հայեցման առաջ: Կուզեի այս մտորմունք-մտածումներին մի բան էլ ավելացնել: Այս օրերում աչքի հիվանդությունները բուժվում են անօրինակ հետազոտություններով: Բուժսպասարկման կենտրոններն ու հիվանդանոցները «հագեցած» են գերժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով էլ կարողանում են թափանցել աչքի ներսուդուրսը, հատակն ու երեսը` ամեն կողմը: Աչքի «հատակը» տեսնելն արդեն հրաշք է, հրաշագործություն (ինչպես լուսնի մյուս կողմը տեսնես) և այն, եթե հիվանդ է ու խարխուլ, անկայուն, ամոքվում է հատուկ շիճուկով, որն էլ ներարկող ասեղի միջոցով ուղարկվում է անդ: Ես այդ պրոցես-ընթացք-միջոցը համեմատում եմ մեր հին-հին դարեր «վաստակած ու մաշած» բերդերի ու ամրոցների, տաճարների ու վանքերի ճաք տված հիմքերի և որմերի հետ, որոնց բուժում-վերականգնում-ամրացումը կատարվում է բարձրորակ ցեմենտի ջրիկ լուծույթի միջոցով: Չէ՞ որ, ինչպես վերևում ասացինք, մարդն էլ իր մարմնավոր կառույցով եկեղեցի է հիշեցնում (գլուխը եկեղեցու գմբեթն է) այն էլ ժամանակի ընթացքում ծերանում-խարխլվում է, ուստի և նրանց «հիվանդությունը» ևս բուժելի է, թեև տաճարների որմերի շաղախը ձվի դեղնուցով և հալված կապարով է լցոնված: Ի դեպ, հայերն են աշխարհում առաջին անգամ հայտնագործել կիրը (հանգած կիրը) որպես կառույց-պատի-շարվածք-որմի շաղախ օգտագործել, հողի փոխարեն, որի ամրությունը տևական է:
Աչքերի մասին խոսելը ունի այն հնարավորությունները, որոնք միտքդ տանում-կապում են հեռավոր և մոտավոր ժամանակների, ժողովրդական բժիշկ-հեքիմների, լուսավոր անհատների չմոռացված, բուսաբուժության ասպարեզում եղած և այժմ էլ գործող հնարանքների հետ: Մագաղաթ-մատյաններում, ձեռագիր գրքերում նրանք հարատևում են:
Ալևոր պապս ասում էր` «Բնության մեջ ամեն ցավի դեղը կա», իսկ ո՞վ է գտնում այդ դեղը, այդ հայտնությունը, գյուտը, երբեմն դառնում է անպատասխանելի, քանզի անգիտության մթնում հատ-հատ ցոլացել են նրանց անունները, որոնք եկել-հասել են մեզ, որպես նախնիներից փոխանցված ժառանգական հարստություն, որի վրա բարձրանում են նորօրյա մտքի նվաճումները: Հները լավ գիտեին այդ ամենը` դա բնատուր զգացողություն էր:
Անցնում ես դաշտերով, հանդերով, արոտներով, անտառներով, սարալանջերով, շուրջդ սփռված է գույնզգույն-երփներանգ ծաղիկների և բույսերի ծովը, որի մեջ կան մարդկային ցավերի բուժման մահլամ-դեղերը, որոնք համր «կանչում» են և բարբառում իրենց բնածին հատկության և կոչվածության մասին: Եվ մարդկության միջից ինչ-որ մեկը լսում է նրանց «ճիչերը», ձայները: Այս մասին անգամ հիշվում է մեր էպոսի մեջ, իբրև թե Համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու բույսերը լեզու առած խոսում են, պատմում, թե Աստված իրենց ինչի համար է ստեղծել: Որքա՜ն գեղեցիկ ու հմայիչ են այս պատումները, նրանց «փշրանք-փշուր հետքերը» մնացել են մեր բառուբանի մեջ: Իհարկե այդ ծաղիկների կողքին էր սոսափում նաև «աչքի ծաղիկ» բույսը, որի մասին խոսելը մեզ հեռու կտանի: Բայց զարմանքի ու հիացքի դուռ են բացում մեր առաջ միչուրինյան «աչքապատվաստումները», որոնք էլ գոյացնում են նոր տեսակների աշխարհ գալը: Մրգավոր ծառի աչք-բողբոջը տեղադրվում է վայրի տեսակի ճյուղքին` բնափայտ-երակում, որն էլ մերվում է նրա հետ և հետագայում «ազնվացնում» նրա պտուղը: Դեռ որքա՜ն անհայտություններ կան թաքնված ասունի աչքից, որ կարոտ են բացահայտման. դա էլ գալիքների համար պահված, անփոխարինելի հոգևոր արժեք է:
Վերստին ուզում եմ հարցնել ինքս ինձ և ձեզ՝ ի՞նչ է մարդկային աչքը, նրա էությունը, «բովանդակությունը», համակողմանիորեն զգալ-հասկանալ-թափանցել այդ լուսեղեն երևույթում «թաքնված» մարմնավոր և հոգևոր գաղտնիքները, որոնք հուզում են մեզ` նմաններիս, Աստծո ձեռքով ծեփված արարածներիս: Գուցե ժամանակների դիտակետ-փողն է, որ անպղտոր տեսնում է դարերի համր քայլքը, որն էլ գնում է անվերջության հետևից, թիկունքում` ամբարած-կուտակած անցյալը, առջևում` ներկայի և ապագայի հեռաստանները. տեղ հասնելու ակնկալիքով, ուր մեզ են մնում մենության հազարամյա անշփոթ սպասելիքները:
Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ